Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Thessalonians 5

:
Armenian - NEA
1 Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա,
2 որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։
3 Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։
4 Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը ձեզ վրա հասնի գողի նման,
5 որովհետև դուք ամենքդ լույսի որդիներ եք և ցերեկվա որդիներ։ Գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։
6 Ուստի ուրիշների պես քնով չընկնենք, այլ արթուն ու զգաստ լինենք։
7 Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։
8 Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը.
9 որովհետև Աստված մեզ չսահմանեց բարկության համար, այլ փրկության ձեռք բերման՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով,
10 որ մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք թե քնենք, նրա հետ ապրենք։
11 Ուստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք։
12 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ ճանաչեք ու ընդունեք նրանց, ովքեր աշխատում են ձեզ համար, ովքեր Տիրոջով ձեզ վրա առաջնորդ են կարգված և խրատում են ձեզ,
13 և նրանց արժանացրեք մեծ սիրո՝ իրենց աշխատանքի համար։ Խաղաղությա՛մբ ապրեք իրար հետ։
14 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։
15 Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։
16 Մշտապես ուրա՛խ եղեք,
17 անդադար աղոթե՛ք,
18 ամեն ինչում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև դա է Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով ձեզ համար։
19 Մի՛ մարեք Սուրբ Հոգին,
20 մի՛ արհամարհեք մարգարեությունները,
21 քննե՛ք ամեն բան, վերցրե՛ք այն, ինչ բարի է,
22 հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից։
23 Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։
24 Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և կկատարի այս ամենը։
25 Եղբայրնե՛ր, աղոթե՛ք նաև մեզ համար։
26 Ողջունե՛ք բոլոր եղբայրներին սուրբ համբույրով։
27 Պարտավորեցնում եմ ձեզ Տիրոջով, որ այս նամակն ընթերցվի բոլոր հավատացյալ եղբայրների առջև։
28 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։